ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում այսօր' հուլիսի 15-ին, տեղի է ունեցել 2014թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, Միհրան Պողոսյանը սպայական ողջ անձնակազմին է ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանին, մաղթել հաջողություններ և արդյունվետ աշխատանք:

 

Ըստ օրակարգի, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայությունում միատեսակ, իրավակիրառ գործընթաց ապահովող մեթոդական ուղեցույցի պահանջների կատարման գործընթացի և առաջարկությունների վերաբերյալ: ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը հանդես են եկել զեկույցներով, ներկայացվել են գումարների բռնագանձումները, կատարողական վարույթների կարճումները և ավարտները:

 

Ըստ ամփոփ զեկույցի, 2014 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 9 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 115.305 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 56.649-ի դիմաց: Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 9.727.898.812 դրամ, պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 1.483.167.392 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 3.836.555.099 դրամ, ֆիզիկական անձանց օգտին' 810.044.873 դրամ, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2.721.957.224 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 876.174.224 դրամ:

 

Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 11.343 կատարողական վարույթի: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 85.923 ՝ նախորդ տարվա 55.061-ի դիմաց:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի լուծման առնչությամբ: