Հայաստանում տնտեսական հեղափոխության «ֆինանսավորման» համար պետությունը մի քանի աղբյուրներ կգտնի: Դրանցից մեկը կլինի բանկային համակարգը: Վարչապետի կարծիքով' տնտեսական հեղափոխության «ֆինանսավորման աղբյուրներից» պետք է լինի բանկային համակարգ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկումներին:
Մելքումյանը նշեց, որ կառավարությունը քաղաքական հեղափոխությունից հետո հայտարարել է, որ պետք է իրականացնի նաև տնտեսական հեղափոխություն: «Ասել միայն, թե պետք է աշխատանքով ապահովել, որ մարդիկ կարողանան աշխատել, բավարար չի լինելու: Եթե մենք գյուղացուն ասում ենք, որ պետք է կառուցի անասնագոմ, հետո ինքն էլ անասուններ ձեռք բերի, նախ պետք է հասկանալ այդ պայմանները կան, թե ոչ: Մենք հայտնում ենք լավ ցանկություններ, որ պետք է փոփոխություններ կատարենք, բայց հարցադրում ենք անում` այդ գումարները որտեղից պիտի գան»,-հետաքրքրվեց Մելքումյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց` շատ կարևոր հարց է բարձրացվում, թե ով պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը: «Մենք ֆինանսական մեկ աղբյուր չէ, որ պետք է գտնենք: Մյուս կողմից ուզում եմ ասել, որ իմ կարծիքով այդ ֆինանսավորման կարևոր աղբուրներից մեկը մեր բանկային համակարգը պետք է լինի: Մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, որ թե մենք բանկային լոբիզմի հետ շատ ենք առնչվում և բանկերը լոբինգ անելու շատ հնարավորություն ունեն: Իրականում այդ գործընթացի սերտ համագործակցության նախաձեռնողը մենք ենք: Մենք անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիր ենք դնում, որ իրենք պետք է այս գործընթացները ֆինանսավորեն և ֆինանսական միջոցները դարձնեն ավելի մատչել»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով` հաշվի առնելով Կենտրոնական բանկի մասնագիտական կարողությունները` նրանք նաև քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ծրագրերին փորձաքննական միջամտություն անելու իմաստով պետք է առավել ներգրավված լինեն: Փաշինյանի խոսքով` ինքը բացասական բան չի տեսնում այս համագործակցության մեջ: Նա հավաստիացրեց, որ իրենք որևէ լոբինգի տրվող չեն: