Վերջերս հրապարակվեց ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների տարեկան զեկույցը: Զեկույցում անդրադարձ է եղել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արտաքին և անվտանգային քաղաքականությանը, արդարադատությանը, տնտեսական զարգացմանը, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներին: Զեկույցի նախաբանում ԵՄ գերագույն հանձնակատար Ֆ․ Մոգերինին նշել է, որ ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը որոշիչ փուլ է մտնում։ Չնայած Մոգերինիի խոսքերին, պետք է նշել, որ ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին պայմանագրի շուրջ բանակցություններն այդքան էլ հարթ չեն ընթանում։ Եվրախորհրդարանը 2018թ․ հուլիսի 4-ին ընդունել էր ԵՄ-Ադրրբեջան համաձայնագրի բանակցությունների սկզբունքների վերաբերյալ բանաձևը: Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հիմնախնդրին, նշվում ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. հիմնարար սկզբունքներին հետևելու, ԱՀ և ՀՀ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին ներգրավելու, ատելության քարոզի բացառման և այլ սկզբունքների պահպանման կարևորությունը: Տեքստում նաև նշվում է, որ մինչև համաձայնագրի կնքումը, Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանություններին հիշեցվում է, որ ոչ մի բազմակողմանի համաձայնագիր չի վավերացվելու այն երկրի հետ, որը չի հարգում ԵՄ-ի հիմնական արժեքներն ու իրավունքները։ Ըստ բանաձևի՝ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում առաջիկայում աջակցել Ադրբեջանում ազատ և բազմակարծիք ԶԼՄ-ներին՝ դոմինանտ քաղաքական և օլիգարխիկ խմբերից անկախ լինելու և ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու համար: Պատգամավորները հույս էին հայտնել, որ բանակցությունների արագ իրականացման և պայմանների իրագործման պարագայում ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը հնարավոր է՝ ստորագրվի ԵՄ-Արևելյան գործընկերության 2019թ. գագաթաժողովի ընթացքում:
ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2017թ․ փետրվարից, իսկ 2018թ. ապրիլին մեկնարկել էր համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Ադրբեջանում ԵՄ դեսպանության առաջին խորհրդական Դ. Դանիլիդիսը նշել էր, որ դժվարություններ կան քաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ համաձայնության գալու հարցում, քանի որ Ադրբեջանը ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) անդամ չէ։ Քաղաքական և տնտեսական հարցերով քննարկումները շարունակվել են 2018թ. դեկտեմբերին, այս տարվա փետրվարին և մարտին: Թեև ԱՀ փոխարտգործնախարար Մ․ Մամեդգուլիևը հայտնել էր, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն նոր համաձայնագրի բանակցությունները կավարտվեն 2018-ի վերջին և հավանական է, որ այն կհամաձայնեցվի արդեն 2019թ․ առաջին կեսին, այնուամենայնիվ 2018թ. դեկտեմբերին բանակցությունները չավարտվեցին։ Քննարկումներն ու բանակցությունները դեռևս շարունակվում են: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ համաձայնագրի ստորագրումը 2019թ․ քիչ հավանական է: Նախ, քանի որ ինչպես երևաց ԵՄ-ն և Ադրբեջանը նախօրոք նշված ժամկետներում չեն կարողանում համաձայնության գալ: Պատճառները մի քանիսն են․ ինչպես նշվել է, ԵՄ-ի հիմնական պայմաններից է նաև Ադրբեջանի՝ ԱՀԿ-ին անդամակցումը, թեև ավելի քան 20 տարի է, ինչ Ադրբեջանն ԱՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, և այս ուղղությամբ շարունակվում են բանակցությունները, այն դեռևս չի ավարտվել և քիչ հավանական է, որ այս տարի այն կավարտվի: Գործընթացը ձգձգում է Ադրբեջանը՝ այդ կերպ փորձելով անկախ մաքսային քաղաքականություն վարել: Հաջորդ պատճառն այն է, որ 2019թ. աշնանը փոխվում է Եվրահանձնաժողովի կազմը, իսկ Ադրբեջանն այս ընթացքում սերտ կապեր է հաստատել Եվրահանձնաժողովի անդամների հետ: Այս մասին խոստովանել էր նույնիսկ ԱՀ ԱԳ նախարար Է. Մամեդյարովը՝ նշելով, որ ցանկալի է համաձայնագիրը պատրաստել, քանի դեռ գործում է Եվրահանձնաժողովի ներկայիս կազմը, և ինչպես ինքն է նշել, քանի որ «անձնական մոտեցումը նշանակություն ունի»: Դատելով Մամեդյարովի հայտարարությունից՝ եթե մինչև 2019թ․ աշուն չստորագրվի այդ համաձայնագիրը, ապա շատ հավանական է, որ այն կարող է ևս մի քանի տարի ձգձգվել, քանի որ բանակցություններն արդեն պետք է ընթանան Եվրահանձնաժողովի նոր անդամների հետ։
Հաջորդ ամենաակնհայտ պատճառներից մեկն Ադրբեջանում ժողովրդավարական խնդիրներն են, մասնավորապես խոսքի ազատության, քաղբանտարկյալների հետ կապված խնդիրները։ Եվրախորհրդարանը տարբեր զեկույցներում բացահայտ մեսիջներ է ուղղել Ադրբեջանին, որ առանց քաղբանտարկյալների խնդրի ամբողջական կարգավորման, համաձայնագիրը չի վավերացնի։ Այս համատեքստում չի բացառվում, որ ս.թ. մարտի 16-ին Ալիևի ստորագրած համաներման մասին հրամանագիրը, որում համաներում շնորհված անձանց թվում կային 50-ից ավելի քաղբանտարկյալ, ստորագրվել է նաև ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա դրական ազդեցություն թողնելու համար։ Այնուամենայնիվ, այս պայմանն էլ ամբողջությամբ կատարված չէ, քանի որ ադրբեջանական բանտերում, ըստ որոշ տվյալների, դեռևս 73 քաղբանտարկյալ կա։
Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման փուլին հասնելու համար։ Չնայած Ադրբեջանն իրավիճակային որոշ քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ բանակցություններում ավելի բարենպաստ դիրքերից հանդես գալու համար, այնուամենայնիվ, ԵՄ-ի առաջ քաշած պայմանները կատարելու համար Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ նշված ոլորտներում արմատական փոփոխություններ անելուն: