Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար Հայկ Այվազյանը տեղյակ չէ իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին: Հիշեցնենք, որ նրան ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մասին հայտնի դարձավ նախօրեին:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հ. Այվազյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչի պատճառով են իրեն հեռացրել աշխատանքից` ավելացնելով, որ մինչ այդ իր ազտվելու մասին ոչ մի խոսակցություն կամ ակնարկ չի եղել։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած տարաձայնություններն են: Այվազյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ինքը կոնֆլիկտ է ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։
«Եթե կոնֆլիկտ եղել է, ապա այն գործնականի հետ կապ չի ունեցել։ Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել։ Ինքը լուրերը տարածել է, ինքն էլ թող մեկնաբանի»,-մեզ հետ զրույցում ասաց տեսչական մարմնի գրասենյակի նախկին ղեկավարը։