Կասկածյալներ ունենք, մենք զբաղվում ենք այդ գործով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Եռաբլուրում կատարված գողությունների դեպքին:

«Միանշանակ դատապարտում եմ նման արարքները, մանավանդ նման վայրերում, բայց ուզում եմ տեղեկացնել, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք որոշակի կարծիք են ձևավորվել, որ այնտեղ իրավապահների ներկայությամբ է դեպքը տեղի ունեցել: Դա այնքան էլ այդպես չէ: Այո, այնտեղ ի սկզբանե եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունից ծառայողներ, սակայն երբ արարողակարգային միջոցառումն այնտեղ ավարտվել է, ոստիկանության աշխատակիցները նույնպես ավարտել են իրենց ծառայությունը, և ոստիկանների բացակայության ժամանակ է դեպքը տեղի ունեցել»,-ասաց Օսիպյանը:

Այն հարցին, թե բանդա՞ է եղել, որ համատարած մտել են մեքենաները և թալանել, Օսիպյանը պատասխանեց. «Համապատասխան միջոցառումներ են իրականացվում, և դուք ձեր հարցերով և ես իմ պատասխաններով, խանգարում ենք այդ գործի բացահայտմանը»: 

Օսիպյանի խոսքով՝ նման արարք անողը սրբություն չունի: