«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալն իրարանցում է սարքել «Արմենիա» բժշկական կենտրոնում, բռնություն գործադրել իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցների նկատմամբ:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալ Պեպանյանին 2018 թվականի օգոստոսի 27-ին ստացիոնար բուժման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի «Անոթային վիրաբուժական բաժանմունք»: Նախնական քննության տվյալներով` 2018 թվականի օգոստոսի լույս 29-ի գիշերը` ժամը 02:00-ից մինչև 07:15 ընկած ժամանակահատվածում, դատապարտյալը աղմկել է, պարբերաբար բարձրաձայն հնչեցրել անհասցե հայհոյանքներ, ձեռքին առկա ձեռնափայտով հարվածներ հասցրել հիվանդասենյակների դռներին՝ խաթարելով բուժվող հիվանդների հանգիստը, հերթապահություն իրականացնող բուժաշխատողների, նրա անվտանգությունն ու պահպանությունն ապահովող ՔԿՀ-ի աշխատակիցների բնականոն աշխատանքը: Ապա` հակազդելու դիտավորությամբ, ճանկռել է ՔԿՀ աշխատակիցներից մեկի պարանոցը, ոտքով հարվածել որովայնի շրջանին, ձեռքով հարվածել մեկ այլ աշխատակցի ծնոտին և ճանկռել ձախ դաստակը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով: Նշենք, որ նա նախկինում դատապարտվել էր շորթման համար` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:
Քրեական գործով դատավարությունը տեղի կունենա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: