«Վարչապետը հայտարարում է, որ Սահմանադրությունը կարևորում է, այդ դեպքում՝ ինչպե՞ս է ստացվում, որ այսօր, առնվազն հինգ նախարարության մասով թույլ է տրվել Սահմանադրության կոպիտ խախտում։ Երկրի վարչապետը, որպես բարձագույն պաշտոնատար անձ, ենթակա է Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի կատարմանը։ Նա իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածու։ Թող Իմ քայլի իրավաբանները ցույց տան օրենքի որևէ նորմ, որը Սահմանադրության մակարդակով ու օրենքի մակարդակով կլիազորի վարչապետին չներկայացնելու նախարարի թեկնածու։ Արդյունքում ունենում ենք այն, որ օրինակ՝ սփյուռքի և մշակույթի նախարարի ֆունկցիաները փոխանցվել են երկու անձի, որոնք չեն բավարարում նախարարի պահանջին։ Նա պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի։ Առնվազն այս երկու նախարարություններում այս երկու պարզ կանոնը խախտված է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը՝ մատնանշելով կառավարության բացթողումները, սխալներն ու անգործությունը։

Նրա խոսքով՝ երբ տեսում ենք, որ սահմանադրության և օրինականության  սկզբունքը խախտվում է, պետք է բարձրաձայնենք, զգուշացնենք և առաջարկենք․ «Սա վերաբերում է նաև ՀՀ նախագահին, որն իրավունք չունի անգործություն դրսևորելու, հակառակ դեպքում, նույն սահմանադրության  համաձայն՝ սահմանդրությունը խախտելու դեպքում, նա պաշտոնանկ կարվի։ Ինչու ենք մենք՝ կառավարությունն ու իշխանությունը, ամեն գնով փորձում խախտել սահմանադրությունը։ Ի՞նչն է խանգարում շարժվել օրինականության սկզբունքով։ Այս հարցերի պատասխանները մեզ համար անհասկանալի են»,- նշեց նա։

 

Մինասյանի կարծիքով՝ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը կամ 27 պատգամավոր կարող են դիմել Սահմանադրական դատարան ու վիճարկել վարչապետի և նախագահի անգործությունը։