Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտումներ, ինչի համար Խաչատրյանի պաշտպանները հաղորդում են ներկայացրել Արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
«Երբ որ նախաքննական մարմինը անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարանին, պետք է դատարանը ողջամիտ ենթադրությունի անի, արդյոք տվյալ անձը կապ ունի իրեն վերագրվող մեղադրանքի հետ, թե՝ ոչ, խոսքը հիմնավոր կասկածի մասին է։ Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել մեղադրանքի մերաբերյալ որևէ փաստական տվյալ, դատարանը չէր կարող պատկերացնել՝ նման հանցագործություն առկա է, թե՞ ոչ. իր տրամադրության տակ չուներ նյութ, որպեսզի հաղթահարեր հիմնավոր կասկածի շեմը»,–ասաց Սարգսյանը՝ նշելով, որ դատարանը պարզապես մեխանիկորեն հաստատել է վարույթն իրականցնող մարմնի միջնորդությունը։
Երեմ Սարգսյանը շեշտեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։