Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակում նրա առանձնատանն ու գրասենյակում խուզարկություններն իրականացվում են Հատուկ քննչական ծառայության կողմից: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
«Քրեական գործը քննվում է ՀՔԾ-ի կողմից` իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակում: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միայն ապահովում են խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը»,- նշեց նա։
Նշենք, որ Միհրան Պողոսյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունից ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ փաթեթավորած տոպրակներ են տարել։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ էին փնտրում և ի՞նչ են տարել ԱԱԾ աշխատակիցները խուզարկությունից հետո, Գալստյանը չցանկացավ ասել՝ ուղղորդելով այլ մանրամասների համար դիմել ՀՔԾ:
Մեզ հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ հաստատեց, որ խուզարկություններ ու առգրավվում են կատարվել, սակայն նախաքննության շահերից ելնելով մանրամասներ չներկայավցրեց։
Ավելի վաղ՝ Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը և նախկին գրասենյակում: ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
2019թ. ապրիլի 13-ին ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: