ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար. «Պատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ ժամկետի մասին է խոսքը, Աբրահամյանն ասաց, որ ժամկետներ չեն կարող նշել․ «Երբ փաստաղթերի փաթեթը վերջնական և ամբողջական պատրաստ կլինի, այն ժամանակ էլ կուղարկվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: