Ապրիլի 19-ի առավոտյան Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել Վրաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի Ժողովրդական բանկ) մասնաճյուղի վրա: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, հարձակման հետևանքով վիրավորվել են բանկի երկու աշխատակիցներ, որոնք շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց: Կողոպտիչներին, որոնց թիվը պարզված չէ, հաջողվել է թաքնվել:

 

Առայժմ հայտնի չէ՝ կարողացել են նրանք արդյոք փող հափշտակել: Բանկի շրջակա տարածքը շրջապատված է, աշխատում են փորձագետ-քրեագետները: Բանկերի վրա հարձակումները հազվադեպ չեն Վրաստանում: Այսպես, մարտի 8-ին դիմակավոր երեք կողոպտիչներ Թբիլիսիի Գլդանիի շրջանում ներխուժել էին Վրաստանի Բանկի մասնաճյուղ: Մինչև հարձակումը նրանք ավտոմեքենա էին զավթել՝ պատանդներով: Ոստիկանները կրակ էին բացել հարձակվողների վրա, սակայն նրանց հաջողվել էր ճողոպրել՝ իրանց հետ տանելով պատանդի, որին շուտով ազատ էին արձակել, իսկ ավտոմեքենան՝ հրկիզել: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է կողոպտման երկու կասկածյալների, երրորդ հարձակվողը հետախուզման մեջ է: