Երևանի քաղաքապետարանը արշավ է սկսել շրջիկ առևտրով զբաղվողների դեմ: Նրանց պահանջով ՀԷՑ-ը հոսանքազրկել է առևտրի կետերը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շարժական սրճարանների միության անդամ Միքայել Պետրոսյանը՝ պնդելով, որ քաղաքապետարանն ու ՀԷՑ- ը սաբոտաժ են կազմակերպել փոքր բիզնեսի այս տեսակի դեմ:
«Քաղաքապետարանի առևտրի վարչությունը ապրիլի 19-ից բոլոր շարժական առևտրի կետերը ապօրինի հոսանքազրկել է առանց որևէ պատճառաբանության՝ այն դեպքում, երբ շատերն ունեցել են ՀԷՑ-ի կողմից տրված պայմանագիր ու թույլտվություն՝ լարերը անցկացնելու համար, անգամ այդ մարդկանց են անտեսել: Մենք գտնում ենք, որ Երևանի քաղաքապետին խնդրի վերաբերյալ սխալ տեղեկատվություն են փոխանցում և խնդիրը սխալ ներկայացնում: Երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ քաղաքի կենտրոնից կրպակները դուրս բերելու խնդրին, ասաց, որ դրանք հայտնվում են անիվների վրա: Մենք հասկանում ենք նրա վրդովմունքը, բայց կարծում ենք, որ նրան շրջիկ առևտրի կետերի միայն վատ կողմերի մասին են տեղեկացրել», - ասաց նա՝ նշելով, որ շրջիկ առևտրի կետեր կան մի շարք քաղաքակիրթ երկրներում և այնտեղ այդ մշակույթը զարգացած է:
Նրա խոսքով՝ 47 շրջիկ առևտրի կետերի աշխատանքների դադարեցման պատճառով գրեթե 120 աշխատող մնացել է գործազուրկ:
«Հեղափոխությունից հետո սկսեցին մեկը մյուսի հետևից բացվել շրջիկ առևտրի կետերը ու դրանց համար որևէ թույլտվություն չէր պահանջվում քաղաքապետարանից, ով ուզեր կարող էր բացել, բայց մենք կողմ ենք, որ կարգավորումներ մտցվեն, բայց ոչ այս ձևով։ Հեղափոխության ակտիվ մասնակից ենք եղել, և այն ժամանակ անընդհատ ասում էին ժողովուրդ ջան կարող եք ներդրումներ արել, փոքր բիզնեսը զարգացնել և այլն, բայց մի՞թե այս ձևով է արվում, երբ աչքը շինելու տեղն, ունքն են հանում: Սա ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաև կառավարության խնդիրն է»,- նշեց շրջիկ առևտրող զբաղվողը՝ ընդգծելով, որ հոսանք անջատելու փոխարեն համապատասխան օրենքի կարգավորումներ անել:
Նշենք, որ շրջիկ առևտրի կետերը հարկային դաշտ մտնելով՝ կայանման համար վճարում են կարմիր գծերի համար սահմանված տարեկան 12 հազար դրամ վճարը և դարձել են ՀԷՑ-ի բաժանորդ: Միակ փաստաթուղթը, որ չունեն, առևտրի թույլտվության լիցենզիան է, որն օրենքի բացթողման պատճառով քաղաքապետարանը չի կարողանում տալ: