Armdaily.am-ի տեղեկություններով Երգի պետական թատրոնը շուտով նոր տնօրեն կունենա.այն ղեկավարելու է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։ Մինչ այժմ Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Աստրյանը, գեղարվեստական ղեկավարն Արթուր Գևորգյանն է։

Նշենք, որ Արմեն Սարգսյանի անունը շոշափվում էր Օպերայի տնօրենի պաշտոնի համար, հետագայում Սարգսյանը հերքեց լուրերը՝ նշելով, որ նման առաջարկ չի ստացել։ Սակայն նա հաստատեց, որ առաջարկ է ստացել այլ թատրոն ղեկավարելու։ «Նոյեմբեր ամսին ես ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից ստացա առաջարկ` ղեկավարել նախարարությանը կից ՊՈԱԿ-ներից մեկը (ոչ Օպերային թատրոնը), և դեկտեմբեր ամսին պետք է լիներ իմ նշանակման հրամանը:

Ընդունեցի և հայտնեցի պատրաստակամությունս` լինել օգտակար հայ մշակույթի բնագավառում: Նույն օրը ինձ հետ խոսել են Օպերային թատրոնի մի շարք արտիստներ, ովքեր բազմաթիվ խնդիրներ առաջ քաշեցին և դժգոհեցին օպերային թատրոնում տիրող վիճակից, կառավարումից և օրենսդրական խախտումներից: Ես տեղեկացրի, որ այլ թատրոն եմ գնալու, բայց պատրաստ եմ նախարարին ներկայացնել այդ խնդիրները, եթե դրանք լուծում չեն ստանում: Երկար զրույցից հետո ես պատրաստակամություն հայտնեցի նաև ստանձնել այդ պաշտոնը, եթե ինձ են տեսնում այդտեղ, քանի որ անձամբ ճանաչում եմ արտիստների մեծամասնությանը, տեղյակ եմ նրանց խնդիրների մասին, գիտեմ լուծման ճանապարհները: Դեկտեմբեր ամսին ես երկրից բացակայեցի, որի պատճառով իմ փոխարեն ուրիշ մեկը նշանակվեց վերոնշյալ թատրոնի տնօրեն»,-ասել էր նա։