Ռոբերտ Քոչարյանի գործը արդարադատության նախարարության ոլորտը չէ: Նախաքննության մարմինը մեր ենթակայության տակ չի և ճիշտ է, որ չլինի մեր նախարարության ենթակայության տակ: Այս մասին այսօր, անդրադառանալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Անդրադառնալով Քոչարյանի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորներին ասաց. «Ինքնաբացարկի հիմքերն արձանագրված են դատական օրենսգրքում: Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, ապա պարտավոր է հայտնել ինքնաբացարկ: Իսկ թե ինչպես կգնահատի Էթիկայի հանձնաժողովը կամ ինչպես կգնահատի Արդարադատության նախարարությունը՝ այլ հարց է»:
Դիտարկմանը, թե կա՞ քաղաքական ենթատեքստ, որ Քոչարյանի գործով դատավորներն ինքնաբացարկ են հայտնում, Զեյնալյանը պատասխանեց.
«Քաղաքական ենթատեքստ տեսնելու համար պետք է կարդանք Բարձրագույն դատական խորհրդի դատական ակտը՝ արդեն ներկայացված միջնորդությունից հետո»: