Այսօր Երևանում սպանություն է տեղի ունեցել. Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի է տեղափոխվել, որոնցից մեկը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը հայտնի չէ, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։
Իրավապահները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցում, ու Երևանի ոստիկանապետի կողմից ստեղծված օպերատիվ խումբը տաք հետքերով հայտնաբերել է կասկածյալին:
Աղբյուրի տեղեկություններով՝ նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Ս.-ն է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` սպանվածն ու սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, ու վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ։