Արմավիրի մարզի Զարթոնք համայնքն արդեն 5 օր է՝ ունի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը: Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը 67-ամյա Էմիլ Եղիազարյանն է: Նշանակումը կատարվել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից:
«Ինքը մեզ կանչել է գյուղապետարան: Հանդիպել ենք շատ լավ մթնոլորտում, առայժմ լավ տպավորություն է ստեղծվել: Բայց դե մենակ լեզվով չի, գործով պիտի ապացուցի»,- ասաց համայնքի բնակիչը:
NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը ասաց, որ 35 տարի աշխատել է Արշալույս գյուղում որպես տնօրեն, և վստահ է՝ կհաջողի այս աշխատանքը. «Ես որևէ միջամտություն չունեմ ժամանակավոր պաշտոնավարելու հետ: Ինձ զանգահարել են մարզպետարանից և առաջարկել են, ես էլ ընդունել եմ»,- ասաց Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները երկու ամիս էր, որ բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների համար: Ապրիլի 12-ին և 13–ին տեղի ունեցած բախումներից հետո գյուղապետը հրաժարական էր տվել: