hraparak.am 2013 թվականի ապրիլի 2-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո գյուղը լարված ու դժվար օրերի մեջ է: Մարդիկ մոռացել են, որ մանկապարտեզի կողքով հոսող բաց կոյուղագիծ ունեն, անբարեկարգ ճանապարհներ ու բազում այլ հարցեր ունեն: Գյուղում լարվածությունը պայմանավորված է բացառապես գյուղապետի առաջիկա' հուլիսի 14-ի արտահերթ ընտրությամբ:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ գյուղապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանի վրա: Սակայն սպանված գյուղապետի կողմնակիցները նրան խանգարում են' թույլ չեն տալիս մտնել գյուղապետարան, բակում երեխաները նրա հետեւից ինչ ասես չեն գոռում եւ այլն: Մեզ հետ զրույցում տիկին Մելիքյանն ասաց, որ համաձայնել է ժամանակավորապես կատարել գյուղապետի պարականությունները միայն որ գյուղում լարվածություն չլինի: «Թող այդ ամենը ինձնով մարի, հանուն գյուղի: Ես չեմ էլ մտածում գյուղապետի ընտրությունում թեկնածու առաջադրվելու մասին, թող իմ վրա այդ լարվածությունը մեղմվեր, մարեր, բայց մարդիկ որոշեցին սենսացիա ու խարդախություն անել: Ու ես որոշեցի հրաժարվել միայն այդ ամենին մասնակից չլինելու համար»,-ասաց տիկին Մելիքյանը:
Այսքանից հետո է, որ Արմենուհի Մելիքյանը որոշել է հրաժարվել Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից եւ հայտարարություն է պատրաստել:
«Հաշվի առնելով գյուղում գռեհիկ վարքագիծ դրսեւորող խմբի անկառավարելի, հակաօրինական, անհանդուրժող գործողությունները, վախը իմ անձի նկատմամբ' ֆիզիկական հաշվեհարդարի, իմ արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունների հետագա ծավալումից խուսափելու համար, ես խնդրել եմ Կոտայքի մարզպետ Շահգալդյանին դադարեցնել իմ կողմից Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանականավոր պաշտոնակատարի լիազորությունները: Միեւնույն ժամանակ դատապարտում եմ մարզպետարանի, ոստիկանության անգործությունը, ովքեր չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները, ինչպես նաեւ չկարողացան իրացնել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները: Իմ լավագույն ցանկությունները գյուղում թուլացնելու ստեղծված լարվածությունը, որոշ ուժերի կողմից բերեցին մի նոր'արդեն արհեստական լարվածության մարդկանց կողմից, ովքեր ունեն զենք կիրառելու մեծ մշակույթ: Դատապարտում եմ, որ ոչ մի պատկան մարմին չկարողացավ համայնքային ծառայողներին կարգի հրավիրել, կոռեկտության կոչ անել եւ ստիպել, որ կատարեն իրենց ծառայողական պարտականությունները: Ես դեռեւս շարունակելու եմ ապրել Պռոշյանում եւ թող ամաչեն իմ աչքերին նայել այն մարդիկ, ովքեր դեռեւս չեն կարողանում տիրապետել հասարակ հոդաբաշխ խոսքով հարաբերվելու մշակույթին: Յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր պատկերը, դիմացինի մասին մտածում է իր բարոյականության չափանիշներով: Ես արհամարհում եմ իմ հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները, կոչ եմ անում իմ համագյուղացիներին ցուցաբերել զսպվածություն, բարձր կամք, չտրվել սադրանքներին: Կոչ եմ անում պատկան մարմիններին կանխել հետագա սանձարձակությունների դրսեւորումները, կանխել անչափահասների ներգրավումը որոշ լկտի մարդկանց կեղտոտ քաղաքական շահարկումներին: Դիմում եմ Հրաչ Մուրադյանի հարազատներին' մի տրվեք բանսարկությունների, որոշ մարդիկ ինքնագովազդի նպատակով խաղում են ձեր ազնիվ ու նվիրական զգացմունքների հետ: Որպես համագյուղացի եւ իրար ճանաչող մարդիկ, ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը եւ ձեզ հետ հավասար շահագրգիռ եմ ստոր հանցագործների բացահայտմանը»:
Գործող օրենսդրության համաձայն, Կոտայքի մարզպետը կարող է գյուղապետի նոր ԺՊ նշանակել, կարող է չնշանակել: Առանց գյուղապետ գյուղում ավագանին չի կարող բյուջեից ծախսեր անել, աղբահանության հարց լուծել եւ այլն: Մի խոսքով Պռոշյանի լարվածության արդյունքում տուժում է Պռոշյանն ու պռոշյանցին:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ