Ինչպես հայտնի է, 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը, ով հիմա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Է։ Մինչեւ պաշտոնից հեռանալը Մանե Թանդիլյանը Ազգային անվտանգության ծառայություն դիմում է ներկայացրել նախկին նախարարի՝ Արտեմ Ասատրյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած առերեւույթ չարաշահումների ու վատնումների վերաբերյալ։ Մամուլի տեղեկությունների համաձայն, Թանդիլյանը դիմում Է ներկայացրել այն մասին, որ նախկին նախարարը եւ ՍԱՊԾ նախկին պետը որոշումներ են կայացրել, որոնց արդյունքում մոտ 50 միլիոն դրամի չարաշահումներ են եղել։
Թանդիլյանը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի թիմակիցը չէր, այսպես ասած՝ իմքայլական չէր, պարզապես իր պրոֆեսիոնալ ունակությունները հաշվի առնելով, ժամանակավորապես լուծում էր Նիկոլ Փաշինյանի կադրային սովի խնդիրը: Սակայն ինչն է այստեղ ուշագրավ. Թանդիլյանից հետո Արտեմ Ասատրյանի ճակատագրով այդպես էլ մտահոգվողներ չեղան: Արդեն Փաշինյանի թիմակից նախարարը, իրավապահները կարծես թե նախընտրել են ջրել գործը: Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը Ասատրյանին մեղադրում էր ամենակոռումպացված նախարարը լինելու մեջ, սոցապ նախարարի հրաժարականի թեման էլ միշտ վառ է պահվել հենց ընդդիմության շնորհիվ: Բայց այսօր, արի ու տես, իրավիճակ է փոխվել: Առնվազն տարօրինակ է, երբ ԱԱԾ-ն ձերբակալում է ամենահեռավոր գյուղի գյուղապետին 10 հազար դրամ կաշառքի համար, սակայն չտեսնելու է տալիս 50 միլիոն դրամի պոտենցիալ չարաշահման դեպքը…