Օրեր առաջ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցը մի քանի օր է հանրության ուշադրության կենտրոնում է: Հնչեցին ինչպես քննադատություններ, այնպես էլ՝ արդարացումներ: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ: 

«Իհարկե, չեմ կարող ասել, որ այդ հարցազրույցն ամբողջությամբ տապալվեց: Բայց Արցախյան հիմնահարցի ու հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերին մեր արտգործնախարարը ուղղակի ողբերգական պատասխաններ տվեց: Հաղորդավարը իր ադրբեջանամետ հարցերով, Փաշինյանի բառապաշարով ասած՝ «պատեպատ տվեց»: Իսկ պարոն Մնացականյանը չկարողացավ գրագետ պատասխաններ տալ»,- ընդգծեց Համբարյանը:

Նրա խոսքով՝ նախարարի մտքերը ընդհանրական էին. «Այն դեպքում, երբ հաղորդավարը բացահայտ Հայաստանին մեղադրեց ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումները անտեսելու, ադրբեջանցիներին սպանդի ենթարկելու, ադրբեջանական տարածքները գրավելու մեջ: Հաղորդավարը բացահայտ ասում է՝ Արցախը ձերը չէ, մարդը մի բառ չի ասում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Սրանից ավելի նողկալի բան հնարավո՞ր է պատկերացնել»:

 

Քաղաքագետը հատուկ ընդգծեց, որ Մնացականյանը Հայաստանի երրորդ հանրապետության ամենաթույլ արտգործնախարարն է: 

«Ես միշտ քննադատության եմ ենթարկել մեր արտաքին քաղաքականության՝ պասիվ, պաշտպանողական պահվածքը: Բայց, ամեն դեպքում, այսպիսի սարսափելի անտեղյակություն չի եղել: Պարոն Մնացականյանը ոչ թե չէր կարող պատասխանել կամ չէր ուզում, այլ ուղղակի՝ ոչինչ չգիտեր: Ինչպե՞ս կարող է մարդ իմանալ թեման ու հակափաստարկներով չպատասխանել հարցադրողի պրովոկացիոն հարցերին: Ուրեմն՝ նա չգիտի թեման: Միայն լավ անգլերեն խոսելու համար, մարդուն արտգործնախարար չեն դարձնում: Մնացականյանի միակ արժեքը լավ անգլերեն խոսելն էր»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Համբարյանի՝ Մնացականյանի  անտեղյակությունը շատ բացահայտ երևաց այդ հարցազրույցի ժամանակ, քանի որ չհնչեց ոչ մի հակափաստարկ. «Երբ հաղորդավարը ասաց՝ Արցախը դուք գրավել եք, իսկ նա մի նախադասությամբ հակառակը չապացուցեց: Կամ հաղորդավարի խոսքով՝ Հայաստանը չի կատարել ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերը, իսկ Մնացականյանը չասաց, որ այդ բանաձևերը առաջինը Ադրբեջանն է խախտում»:

 

Քաղաքագետը ցավով նշեց նաև, որ այդ հարցազրույցի ժամանակ չի խոսվել արցախահայության անկախանալու իրավունքի մասին, նույնիսկ «Արցախ» բառը չի հնչել:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա նաև պարոն Փաշինյանի կողմից ընդունված արտաքին քաղաքականության հետևանքն է: Բայց, հասկանո՞ւմ եք, հաղորդավարը ընդգծված Ադրբեջանամետ հարցադրումներ էր անում, իսկ այդ հարցերից ոչ մեկը մեզ համար անականկալ չէր: Էլ ի՞նչ հարցեր պետք է լինեին»,- զարմանքով ընգդծեց նա:

Համբարյանը նշեց, որ իր համար, մեղմ ասած, զարմանալի է, որ որոշ պատգամավորներ ու իշխանության ներկայացուցիչներ դրական արձագանք են ունեցել. «Սա ընդամենը հաղորդավարի մակարդակով է: Իսկ բանակցությունների ժամանակ ի՞նչ է լինում»:

Քաղաքագետը նշեց, որ շատ երկրների պաշտոնյաներ, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտային նման հարցազրույցից հետո:

Լուսինե Մարդոյան