Մայիսի 3-ին Արմավիրի մարզում Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են մի քաղաքացու ավտոմեքենան, վարորդին ենթարկել են սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որից հետո ուժային կառույցի մի ներկայացուցիչ եկել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, պահանջել է չեղարկել խմածության ակտը, քանի որ վարորդը իր ընկերն է:
Ոստիկանների օրինական պահանջին, որ պետք չէ հասարակական կարգը խախտել, նա չի ենթարկվել, այնուհետեւ ճանապարհային ոստիկանները նրանից պահանջել են վարորդական իրավունքի վկայական ու խնդրել են, որպեսզի նա նույնպես ենթարկվի սթափության փորձաքննության: Տղամարդը ներկայացել է որպես ԶՈՒ գնդապետ եւ հրաժարվել է կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գնդապետ ներկայացած անձը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես հրամանատար: