Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը Գլխավոր դատախազության որոշմամբ ազատ է արձակվել: ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ վերացել են «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է մեկ միլիարդ դրամ գումար, նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը, փոփոխելու մասին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մեկնաբանեց, թե ինչու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և գեներալ Մանվել Գրիգորյանը չեն կարողանում նույն կերպ ազատ արձակվել, քանի որ թե´ ՀՀ երկրորդ նախագահը, թե´ Մանվել Գրիգորյանը, պատրաստ են գրավ տրամադրել. ««Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղսագրված օրենսգրքի այն հոդվածը, որով իրեն մեղադրում են, ունի նաև խրախուսական նորմ: Այդ նորմով ասվում է` եթե հատուցել ես մայր գումարը և տուգանքները, դու ազատվում ես պատասխանատվությունից: Ռոբերտ Քոչարյանին և Մանվել Գրիգորյանին առնչվող հոդվածները չունեն այդ խրախուսական նորմը և սա է տարբերությունը: Հոդվածները տարբեր են և խրախուսական նորմ ունեցող հոդվածով մեղադրվողը, երբ վճարում է տույժ ու տուգանքների մի մասը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվում, սակայն անձի խափանման միջոցը փոխվում է, քանի որ անձի վտանգավորության աստիճանն այն առումով, որ կթաքնվի վարույթից` նվազում է»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանի կալանավորումն ու առողջական վիճակն անհամատեղելի են և կա հանրության մեջ տպավորություն, թե նրա կալանավորման հիմքում ոչ այնքան փաստերն են, որքան Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժխնդրությունը, պատգամավորն ասաց. «Ես չեմ կարող դա մեկնաբանել, ուղղակի ասացի, որ հոդվածների մեջ տարբերություն կա: Մեկի հոդվածն ունի, մյուսինը չունի խրախուսական նորմ, իսկ գրավի կիրառումը բացառապես դատարանի որոշումն է: Անգամ, եթե գնահատական տամ, իմ գնահատականը կարող է տարբերվել դատարանի գնահատականից, որովհետև դա սուբյեկտիվ դատողություն է: Դատավորը կարող է փաստերն այլ կերպ մեկնաբանել, ես` չլինելով դատավոր, այլ կերպ մեկնաբանեմ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: