Հեղափոխությունից հետո Հայաստանում էժանացած բանանը կրկին թանկացել է։
Տպավորություն է՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրած Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպ» ընկերությունն այլևս բանանի շուկայում հետ քայլ է կատարել: Երբ շուկայում հարցնում ես «Դոլ» ապրանքանիշի բանան կա՞, պատասխանը նույնն է՝ չէ հա, էլ «Դոլ» որտեղի՞ց:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը պնդեց՝ շուկայում բանանը չի վերացել, սպառողն ունի այլընտրանք։
«Հստակ չեմ կարող ասել այդ ընկերությունը հիմա ներկրում է, թե՝ ոչ։ Դա ընկերության ցանկությունն է կամ, օրինակ, ֆինանսական խնդիրները, քանի որ պետության կողմից սահմանափակում չկա։ Այդ ամենը կարող է կապ ունենալ տնտեսական հարցերի կամ ընկերության որոշման հետ, պետական որոշում չկա։ Պողոսյանը տարիներ առաջ խախտել է օրենքը։ Բոլորը հավասար են, և եթե մարդը խախտել է օրենքը՝ պետք է պատասխան տա՝ անկախ նրանից բիզնես ունի, թե ոչ, տնտեսության որ ոլորտում է, կամ իր բիզնեսը ինչ կշիռ ունի տնտեսությունում։ Հակառակ դեպքում՝ կստացվի, որ բիզնեսն ապահովագրում է իրենց, բայց պետք է իրենք ավելի օրինավոր գործեն։ Նախկինում, եթե մարդիկ տնտեսական կշիռ ունեին երկրում, իրենց համար օրենքը չէր գործում։ Քաղաքականության ազդեցություն չկա տնտեսության վրա»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Թուրքիայից լոլիկ և վարունգ ներկրելուն, Սողոմոնյանը նշեց, որ երկար տարիներ շուկայի պահանջարկը լրացնելու համար այդ ապրանքները ներկրվել են Թուրքիայից։
«Եթե մարդը զբաղվում է բիզնեսով և գտնում է, որ դրսում կան մրցունակ լոլիկներ (դա կլինի Թուրքիա կամ այլ երկիր) ներկրում է այն՝ հաշվի առնելով շուկայի պահանջները։ Մեկ այլ հարց է՝ պետությունը կարո՞ղ է միջամտել, թե՝ ոչ։ Եթե միջամտի, ապա պետք է արգելի Թուրքիայից ներկրումներ անել, բայց այդ պարագայում կվտանգվի սպառողի շահերը։ Եթե պահանջարկը շատ լինի, իսկ արտադրությունը՝ քիչ, ապա ապրանքի գինը կբարձրանա»,- ասաց Սողոմոնյանը։
Պատգամավորը նշեց, որ պետությունն իրավունք ունի միայն ստուգել ներկրվող ապրանքի որակը, որպեսզի վտանգի տակ չդրվի սպառողի առողջությունը։