Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ տրվում է այն ընկերություններին, որոնք սահմանված չափանիշներին համապատասխան են գործում:
«Մուլտի Գրուպ» և «Քեթրին գրուպ» ընկերություններն օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ինչո՞ւ չեն ստացել, հարցին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշեց, թե պատճառը միգուցե որոշ չափորոշիչների չբավարարելն է, և ընդգծեց, որ դա հստակ չափորոշիչներով պայմանավորված գործընթաց է։
Անդրադառնալով «Մուլտի Գրուպ» և «Քեթրին գրուպ» ընկերություններում ստուգումներ իրականացնելուն՝ Վարդան Հարությունյանն ասաց.
«Ընդհանրապես, բոլոր ընկերությունների ստուգման գործընթացը կանոնակարգվում է տարեկան հաստատված ծրագրով, որի վրա որևէ գործուն միջամտություն մենք չենք ունենում: Համակարգիչն ընտրում է ռիսկային ընկերություններին, որտեղ պետք է տվյալ տարում ստուգումներ կատարվեն։ Այս երկու ընկերությունները 2016 թվականին ներառված են եղել 2017 թվականի ստուգումների ցանկում և այդտեղ որևէ արտառոց բան չկա»,- նշեց նա։