Վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որը դրսևորվում է ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Ադրբեջանն ակնհայտորեն գնում է իրավիճակի սրման, իսկ սա նշանակում է, որ Ալիևը սովորականի պես մի ձեռքով կրակում է, մյուսով՝ բանակցում: Արդյո՞ք վարչապետ Փաշինյանի ծրագրերի մեջ մտնում էր  նման Ալիևի հետ բանակցելը:
 
Սակայն վերջին շրջանում արձանագրվող պրոցեսներն ունեն շատ ավելի խորքային հիմքեր: Բանն այն է, որ ակնհայտորեն ակտիվացել է ամերիկյան կողմը: ԱՄՆ-ն քաջ գիտակցում է ռուսական կողմի փորձերը ՝ առանձին խաղ սկսել Երևանի և Բաքվի հետ: Այդ իսկ նպատակով ԱՄՆ-ն շտապում է հակաքայլ անել: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը: Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացվե՞լ են մոսկովյան բանակցությունների նրբությունները: Սա հարց է, որի պատասխանը, սակայն, մենք չունենք: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն աշխատում է նաև Բաքվի հետ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ են ԱՄՆ մեսիջները Ալիևին, որ վերջինս կարող է հուսալ ՆԱՏՕ-ի հետ ավելի խորը և համապարփակ համագործակցություն ծավալել: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս հայտարարել է, թե Բաքուն մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, և այդ ուղղությունը ադրբեջանական զինված ուժերի առաջնահերթություններից է:
 
Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը խաղադրույքը դրել էր Հայաստանի նոր կառավարող ուժի լեգիտիմության և բարձր հեղինակության վրա՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կօգտագործի հեղափոխական տրամադրությունները՝ հանրությանը համոզելով գնալ ցավոտ զիջումների։Շփման գծում իրավիճակի սրման միջոցով Բաքուն փորձում է Երևանին տեղափոխել քննարկումների իր տիրույթ, որտեղ Փաշինյանն այլևս չի կարողանա մանևրել և ժամանակ ձգել։ Ինչ վերաբերում է Փաշինյանին՝ վերջինս ժամանակ է ձգում՝ հեղափոխական անկեղծությամբ և հետհեղափոխական խորամանկությամբ։