Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան: Այս մասին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին' նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությամբ: Հրադադարի կոնկրետ պայմանները կհստակեցվեն լրացուցիչ: Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, սկսում են սուբստանտիվ բանակցությունները՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը:
Առաջին հերթին պետք է փաստենք, որ հրադադարը դա զինադադար չէ, ինչն էլ այս րոպեներին ապացուցվում է՝ հակառակորդը անգամ ձեռք բերված համաձայնություններից հետո շարունակում է հարձակումը Արցախի վրա: Այս առումով գուցե փոքր ուշ, սակայն Մոսկվային, ում միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպումը և կազմվել է վերջնական հայտարարության տեքստը, հաջողվի ստիպել Բաքվին հավատարիմ մնալ ընդունված հրադադարին:
Մյուս կողմից պետք է նշենք, թե ինչ են իրենցից ներկայացնում սուբստանտիվ բանակցությունները. դրանք առարկայական բանակցություններն են, և այս տերմինը նոր չէ, որ մտնում է բանակցային օրակարգ: 2016-ի սեպտեմբերի 22-ի հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նույն թվականին Վիեննայում (մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգում (հունիսի 20) Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումներին՝ այդ համատեքստում կարևորելով հետագա քայլերը, որոնք կհանգեցնեն «կարգավորմանը միտված բովանդակային բանակցությունների համար մթնոլորտի ստեղծմանը»։
2016-ի հոկտեմբերի 26-ին համանախագահները քննարկել են «հարատև խաղաղությանը միտված բովանդակային բանակցությունները խթանելու վերաբերյալ ընթացիկ աշխատանքային առաջարկները»։ Մինսկի խմբի եռանախագահներից զատ, 2016-ին նույնաբովանդակ կոչով հանդես է եկել նաև ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ջոն Քերին։ Վերջինս, ըստ Պետքարտուղարության' 2016-ի հունիսի 30-ի պաշտոնական հաղորդագրության, վերահաստատել էր Միացյալ Նահանգների աջակցությունը «բովանդակային բանակցություններին, որոնք կարող են բերել համապարփակ կարգավորման»։
Եթե ուսումնասիրենք միջնորդների շատ ավելի վաղ ժամանակահատվածի հայտարարությունները' կրկին կհանդիպենք հիշյալ ձևակերպումը, օրինակ՝ 2013-ի դեկտեմբերի 19-ին։ Առարկայական բանակցությունները ենթադրում են երկկողմ առավել սերտ համագործակցություն և բանակցություններ, և այս փուլում մինսկի խմբի գործոնը կարող է դառնալ երկրորդական:
Սակայն, անչափ կարևոր է, որ հայտարարությամբ հաստատվում է Մինսկի խմբի ֆորմատի անփոփոխ մնալը: Սա ենթադրում է, որ ռուսական կողմին հաջողվել է միջնորդական ջանքերի շնորհիվ դուրս մղել Թուրքիային այս գործընթացից, իսկ հիմա շարունակվող ռազմական գործողությունները հրահրված են հենց տվյալ հանգամանքից դժգոհ մնացած Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից: