Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սորոսականների ջրերը կարծես թե դադարել են մեկ առվով հոսել: Բանն այն է, որ, եթե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը իշխանության ներսում որոշակի տեղ ու լծակներ էր տալիս վերջիններիս, այսօր արդեն այդ իրավիճակը փոխվել է: Փաշինյանը հասկացել է, որ կարող է յոլա գնալ նաև առանց վերջիններիս օգնության, նրան անգամ չեն խանգարում հակասորոսական խմբերը ու ակցիաները, ավելին՝ դրանք նրան ձեռք են տալիս և այս իրավիճակը, սեփական խաղի կանոններով խաղալու Փաշինյանի ցանկությունը չի կարող չանհանգստացնել սորոսականներին:
 
Վերջին ամիսներին վերջիններիս հռետորաբանությունը կտրուկ փոփոխություն է ապրել, եթե նախկինում, երբ Փաշինյանը հեռակա կարգով ՌԴ-ին մեղադրում էր ապրիլյան պատերազմը սանձազերծելու կամ այն հովանավորելու մեջ, նույն Իոաննիսյանը կամ Սաքունցը ծափահարում էին, հայտարարելով, որ ինքնիշխանությունը հենց դա է: Սակայն, երբ Փաշինյանը որոշեց ռևերանսներ անել ռուսական կողմին և օրինակ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկել, թույլ տալ ռուսների մուտքը Հայաստանի տարածքում գործող կենսաբանական լաբորատորիաներ, այդ ժամանակ արդեն հարցադրումը այլ էր՝ սա՞ է արդյոք ինքնիշխանությունը:
 
Սորոսականները վերջին ամիսներին Փաշինյանին թիրախավորում են գրեթե բոլոր ճակատներով՝ բյուջեից մինչև ուսանողների ոտնահարվող իրավունքներ: Ուշագրավ է, որ անգամ Սորոսի ֆոնդից սնվող Ռեստարտ նախաձեռնությունն է արթնացել ,մասնավորապես Դավիթ Պետրոսյանը սպառնալից տոնով պահանջել է չծաղրել դասադուլ անող ուսանողներին: Սա, ընդամենը, մեսիջ է, որ, եթե Փաշինյանը շարունակի շեղվել նախանշված ծրագրից և խաղալ ինքնուրույն, ապա սորոսականները կարող են վերջինիս հարվածել մեջքից՝ ավելացնելով վարչապետի և իր թիմի քննադատողների առանց այդ էլ օրեցօր աճող շարքերը: