Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արձանագրած արդյունքները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը հիմք են տալիս ենթադրելու, որ համանախագահներին չհաջողվեց անգամ առարկայական բանակցությունների իմիտացիա ստեղծել: Իհարկե, համանախագահներն իրենց մասով արեցին այն ամենը, ինչ կարող էին՝ հայտարարություն տարածեցին, որում նշում էին, որ պետք է քայլեր անել բանակցային գործընթացը վերականգնելու համար: Թե որ կողմը պետք է անի այդ քայլերը՝ հստակ չէ, սակայն ստեղծված տարածաշրջանային և միջազգային իրադրությունում բանակցային գործընթացի վերականգնումն առաջին հերթին պետք է Բաքվին: Գուցե դա է պատճառը, որ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին Ադրբեջանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, ըստ որի՝ կայացած հանդիպման ընթացքում «հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների շարունակման համար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի աջակցությունն է հայտնել համանախագահների հնչեցրած որոշ առաջարկներին»: Մինչ օրս մեզ հայտնի է համանախագահների հնչեցրած երկու առաջարկությունների մասին, դրանք վերաբերվում են խոսքը շփման գծին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը եւ ԵԱՀԿ դիտորդների հնարավորությունների ընդլայնմանը: Թե այս երկու առաջարկներից հատկապես որ մեկին է համաձայնություն տվել ադրբեջանական կողմը՝ չի հստակեցվում, սակայն եթե ելնենք նրանից, որ Բաքվին օդի ու ջրի պես պետք է բանակցությունները շարունակել և ըստ այդմ ժամանակ շահել, ապա Ալիևն առավել մեծ հավանականությամբ կհամաձայնի ԵԱՀԿ դիտորդների հնարավորության ընդլայնմանը, քանի որ, ինչպես հասկանում եք՝ Բաքվի համար հետաքննության մեխանիզմների ներդրումը ենթադրում է միլիտարիստական տրամադրությունների սահմանափակում, իսկ ներքին լարված իրադրությունում, երբ սեփական սովյալ ժողովրդին դեռ կարելի է սփոփել Ղարբաղը «վերադարձնելու» անուրջներով՝ Ալիևի համար պացիֆիստ դառնալու ամենահարմար ժամանակը չէ:
 
Բանակցությունների մեռյալ կետից շարժելը բխում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկներից հատկապես Ռուսաստանին, որի համար անչափ կարևոր է օր առաջ վերջ դնել ստատուս-քվոյին՝ իհարկե իր սեփական քաղաքական շահերից ելնելով: Ռուսական կողմի համար առաջնային նպատակ է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը, և այժմ ռուսական կողմը համոզում է հակամարտող կողմերին, որ կոնֆլիկտի լուծման միակ և արդյունավետ ուղին հենց դա է: Հետաքրքիր զուգադիպություն. խաղաղապահության թեման օրակարգ եկավ ապրիլի 7-ին, Ռուանդայում ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այն ցեղասպանության, որը տեղի ունեցավ, երբ խաղաղապահները փախան առաջին արյունից հետո, ու որի ժամանակ երկիր շտապ մտցված արևմտյան ստորաբաժանումները փրկում էին միմիայն սպիտակներին՝ չունենալով տեղի բնակչությանն աջակցելու հրաման: Արցախում ռուս խաղաղապահների առկայությունը բխելու է մեկ երկրի շահերից՝ Ռուսաստանի: Այդ է պատճառը, որ Հայաստանը, պահպանելով լոյալությունը, ամեն դեպքում դեռ փորձում է խուսանավել այս հարցը օրակարգ մտցնելուց: Կկարողանա՞ արդյոք Երևանը երկար դիմակայել Մոսկվայի ճնշումներին…

 

Ստելլա Խաչատրյան