Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը մայիսի 7-ին հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելայի գլխավորած պատվիրակության հետ:
Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահը խոսել է հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների մասին, կարեւորել երկու պետությունների միջխորհրդարանական կապերի զարգացումը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում փոխգործակցությանը:
Խոսելով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին` Ֆերնանդո Վալենսուելան վստահեցրել է, որ Իսպանիայի կողմից փաստաթուղթը եւս շուտով կվավերացվի:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, խոսել Արցախի` որպես բանակցային կողմ ներգրավվելու անհրաժեշտության մասին:
Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությանը` ընդգծելով, որ Իսպանիան այն դեռեւս չի ճանաչել:
Որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցիչ` Իսպանիայի ԱԳՆ պետքարտուղարն արտահայտվել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցի շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկի օգտին:
Հայ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում հայ-իսպանական համագործակցության հնարավորություններից: