ԵՄ խորհուրդը այսօր ողջունել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների առաջին փուլի ավարտը, սակայն չի նշել վիզաների վերացման ժամկետները:
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհուրդի կողմից տարածված հայտարարությանը, որի նիստն անցկացվում է այսօր Բրյուսելում:
«ԵՄ խորհուրդը հաստատում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հաստատման խնդրի իրականացմանն իր հավատարմությունը»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ խորհուրդը ողջունել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների առաջին փուլի ավարտի մասին հոկտեմբերի 29-ին հրապարակված Եվրահանձնաժողովի զեկույցը: ԵՄ արտաքին գործերի նախարարները նաև հաստատել են, որ «Վրաստանն իրականացրել է Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ գործողությունների պլանի իրականացման առաջին փուլի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները»: