Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով աշխատանքային այցով գտնվում է Ռիգայում, այսօր հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ և քննարկել վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն:
Հանդիպումը կայացել է «Եվրոպայի զարգացման տարի» միջազգային համաժողովի շրջանակում: Հանդիպման հիմնական թեման են եղել Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, մասնավորապես Վրաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման պլանի իրագործումը:
«Ինչպես հայտնել է վարչապետը, Վրաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Եվրոպան կոնկրետ քայլեր ձեռնարկի և վիզաների ազատականացման հարցը դրական լուծում ստանա: ԵՄ գերագույն ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համապատասխան գործողությունների ավարտից հետո Ռիգայի գագաթաժողովում Վրաստանը հաջողակ օրինակ կդառնա»,- նշել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը: