ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը ողջունել Է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում կայացած բանակցությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է Խորհրդի՝ ապրիլի 3-ին Բիշքեկում ընթացող նիստի ժամանակ:
«Ավարտվել Է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների կարեւոր փուլը: Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք այդ արդյունքները»,-ասել Է ԱԳ նախարարների խորհրդի նախգահ, Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Եռլան Իդրիսովը՝ բացելով Խորհրդի ընդլայնված նիստը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Իդրիսովն ընդգծել Է իրանական միջուկային ծրագրի լուծման կարեւորությունը Կենտրոնասիական տարածաշրջանի եւ ԱՊՀ-ի տարածաշրջանի համար: Նա նաեւ նշել Է, որ «բանակցությունների ընթացքում բազմաթիվ հանգուցալուծումներ գտնվել են շնորհիվ Ռուսաստանի պատվիրակության կրատիվության»:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ մարտի 26-ին սկսված բանակցությունների փուլն ապրիլի 2-ին նշանավորվել Է երկար սպասված համաձայնության ձեռքբերմամբ: Շվեյցարական Լոզանում Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) կարողացան շփման եզրեր գտնել եւ հիմք ստեղծել համապարփակ համաձայնագրի տեքստի վրա եզրափակիչ աշխատանքի համար:
«Մենք լի ենք վճռականությամբ շարունակել մեր ջանքերը եւ մտադիր ենք աշխատանքն ավարտել մինչեւ հունիսի 30-ը»,- մամուլի համար արված ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Այսօր մենք վճռորոշ քայլ կատարեցինք դեպի առաջ,- ասել է Մոգերինին: Մենք հասանք ապագա համապարփակ համաձայնագրի հանգուցային պարամետրերի համաձայնեցմանը»:
Նրա խոսքով՝ «առաջիկա շաբաթներին եւ ամիսներին» կողմերի ներկայացուցիչները քաղաքական եւ փորձագիտական մակարդակով կաշխատեն «համապարփակ համաձայնագրի տեքստը կազմելու վրա, որը կներառի տեխնիկական բոլոր մանրամասները»: