ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լոզանում ձեռնամուխ են եղել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլին, որի ընթացքում փորձելու են կարգավորել մնացած տարաձայնություները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Բանակցություններն ընթանում են Ժնեւի լճի ափի պերճաշուք հյուրանոցներից մեկում: Սպասվում Է, որ դրանք կշարունակվեն կես օր, այնուհետեւ Զարիֆը կուղեւորվի Բրյուսել, որտեղ կկայանա նրա հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնակիցների հետ, որին կմասնակցի նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Բանավեճը տեղի կունենա ԵՄ-ի 28 երկրների նախարարական հանդիպման շրջանակներում: Ինչպես հայտնել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը, «հանդիպմանը կքննարկվեն ՄԱԿ-ի միջնորդների «վեցյակի» հետ Իրանի բանակցությունների շրջանակներում միջուկային խնդրի համապարփակ լուծման հեռանկարները»: Սպասվում Է, որ մարտի 17-ին Քերիի եւ Զարիֆի բանակցությունները կշարունակվեն Լոզանում:

 

Մարտի սկզբին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում կայացած բանակցությունների նախորդ փուլը թույլ Է տվել առաջընթացի հասնել հակասությունների լուծման հարցում, բայց չի բերել արմատական բեկման:

 

Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Լոզանի բանակցությունների նախաշեմին Զարիֆը լրագրողներին հայտարարել Է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել կհաջողվի միայն այն դեպքում, եթե «վեցյակը» նույնպիսի քաղաքական կամք դրսեւորի, որպիսին դրսեւորում Է Իսլամական Հանրապետությունը: Զարիֆը հավաստել Է, որ բանակցությունների ներկա փուլի հիմնական թեմաներն են՝ Իրանի միջուկային ծրագրի ապագայի վիճահարույց տեխնիկական հարցերը, ինչպես նաեւ պատժամիջոցների չեղարկումը: