ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 15-ին Վիեննայում հայտարարել է, որ դեռ հնարավոր է մինչև հուլիսի 20-ը համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ «դեռ շատ աշխատանք կա»: Քերին նաև հայտնել է, որ Վիեննայից կվերադառնա Վաշինգտոն, որպեսզի նախագահ Բարաք Օբամային զեկուցի Իսլամական Հանրապետության և «վեցյակի» բանակցությունների ընթացքի մասին:
Սահմանված ժամկետում համաձայնության հասնելը «դեռևս հնարավոր է»,- նշել է նա:
Քերին ճշտել է, որ ԱՄՆ-ում ընդունում են Իրանի իրավունքը՝ զարգացնելու խաղաղ միջուկային ծրագիրը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում:
«Մենք այն կարծիքին ենք, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի իրավունք ունի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գծով պարտավորությունների շրջանակներում, և մենք աշխատում ենք, որպեսզի երաշխավորենք, որ այն իսկապես խաղաղ բնույթ ունենա, և Թեհրանը միջուկային զենք չստանա»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: