Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» եւ Իրանի բանակցությունների հերթական փուլը՝ քաղաքական տնօրենների եւ փորձագետների մակարդակով, կկայանա ապրիլի 21-ին Իսպանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իմ գործընկերները՝ ԵՄ-ի դիվանագիտության փոխղեկավարը եւ «վեցյակի» մյուս ներկայացուցիչները, կհանդիպեն հաջորդ երեքշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, որպեսզի սկսեն գրել ապագա համաձայնագրի նախագիծը»,- Իսպանիա կատարած իր այցի ժամանակ հայտարարել Է Զարիֆը:
Նրա խոսքով՝ «մենք շատ մոտ ենք համաձայնգրի կնքմանը, սակայն դրա տեքստը գրելը եւ պատժամիջոցների հարցում մյուս կողմի դիրքորոշման փոփոխությունը խիստ կարեւոր հարց Է»:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել Է, որ չնայած իրանական միջուկային ծրագրի շուրջ ապրիլի սկզբին Լոզանում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններին, Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» առաջիկա բանակցությունները շատ դժվարին են լինելու համապարփակ համաձայնության հասնելու համար:
Իրանը եւ «վեցյակը» ձգտում են մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը վերջնական համապարփակ համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
«Լոզանի բանակցությունների ընթացքում մենք հասել ենք առանձին պայմանավորվածությունների, եւ նախքան համապարփակ համաձայնագրին հասնելը դեռ պետք Է շատ դժվարին ճանապարհ անցնենք»,- ասել Է Ռոուհանին:
Նա ձեռք բերված միջանկյալ պայմանավորվածություններն անվանել Է «մեծ քայլ»: Սակայն, նրա խոսքով՝ համապարփակ համաձայնագրի հասնելու համար բանակցությունների բոլոր կողմերը պարտավոր են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:
Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագիրը չի երաշխավորում, որ վերջնական պայմանագիր կստորագրվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: