Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» մոտ են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Մենք պատրաստ ենք շուրջօրյա աշխատել, որպեսզի գանք համաձայնության: Մենք հավատում ենք, որ շատ մոտ ենք դրան, շատ մոտ, բայց միեւնույն ժամանակ կարող ենք եւ շատ հեռու լինել»,- ասել է Զարիֆը՝ հավելելով, որ առայժմ կան մի շարք հարցեր, որոնց լուծման վրա դեռ պետք է աշխատել:

 

Նա հայտարարել է, որ երկրի միջուկային ներուժը միշտ էլ ուղղված է եղել միայն այդ բնագավառում գիտական առաջընթացի հասնելուն: «Հենց որ մյուս երկրները հասկանան եւ ընդունեն այդ փաստը, իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը ձեռք կբերվի, եւ այն շահավետ կլինի բոլորին»,- հավելել Է Զարիֆը:

 

«Վեցյակը» եւ Իրանը շարունակում են դիվանագիտական ջանքերը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ մինչեւ մարտի 24-քաղաքական համաձայնագրի, իսկ մինչեւ հունիսի վերջը համապարփակ համաձայնագրի մշակման ճանապարհին:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի եւ ԱՄՆ-ի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտի 15-ին: Հանդիպման վայրը դեռ որոշված չԷ, բայց, ամենայն հավանականությամբ, կողմերը կհանդիպեն Ժնեւում:

 

Մարտի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ավարտել են բանակցությունները շվեյցարական Մոնտրյոյում: Հանդիպումը, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նախորդել Է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի քաղաքական տնօրենների մակարդակով բանակցություններին, որոնք նշանակված են մարտի 5-ին: