Իրանի միջուկային ծրագրի շուրջ մարտի 26-ին սկսված բանակցությունների փուլն ապրիլի 2-ին նշանավորվեց երկար սպասված համաձայնության ձեռքբերմամբ: Շվեյցարական Լոզանում Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) կարողացան շփման եզրեր գտնել եւ հիմք ստեղծել համապարփա կ համաձայնագրի տեքստի վրա եզրափակիչ աշխատանքի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Մենք լի ենք վճռականությամբ շարունակել մեր ջանքերը եւ մտադիր ենք աշխատանքն ավարտել մինչեւ հունիսի 30-ը»,- մամուլի համար արված ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Այսօր մենք վճռորոշ քայլ կատարեցինք դեպի առաջ,- ասել է Մոգերինին: Մենք հասանք ապագա համապարփակ համաձայնագրի հանգուցային պարամետրերի համաձայնեցմանը»:

 

Նրա խոսքով՝ «առաջիկա շաբաթներին եւ ամիսներին» կողմերի ներկայացուցիչները քաղաքական եւ փորձագիտական մակարդակով կաշխատեն «համապարփակ համաձայնագրի տեքստը կազմելու վրա, որը կներառի տեխնիկական բոլոր մանրամասները»:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «կարեւոր բնագիծ» է համարել Լոզանում կայացած բանակցությունների արդյունքները: Նրա խոսքով՝ համաձայնագիրը «եզակի, բարդագույն փաստաթուղթ է, որը պետք է մշակվի բոլոր մանրամասներով»: «Դրա համար կօգտագործվի մինչեւ հունիսի վերջն ընկած ժամանակը: Հուսով ենք, որ երկարաձգում չի պահանջվի»,- հավելել է Ռյաբկովը:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հատուկ հայտարարություն է արել մամուլի համար՝ նշելով, որ Վաշինգտոնն իր դաշնակիցների ու գործընկերների հետ «պատմական փոխըմբռնման է հասել Իրանի հետ»:

 

«Ես համոզված եմ, որ եթե այդ շրջանակային համաձայնությունը բերի վերջնական համապարփակ գործարքի, ապա այն կամրապնդի թե մեր երկրի, թե մեր դաշնակիցների, թե ամբողջ աշխարհի անվտանգությունը»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ Լոզանի համաձայնությունը «լավ գործարք է, գործարք, որը համապատասխանում է մեր գլխավոր նպատակներին»:

 

Օբամայի գնահատմամբ՝ Իրանը համաձայնել է տեսչական ստուգումների աննախադեպ խիստ ռեժիմին: «Այնպես որ այդ գործարքը չի հենվում միայն վստահության վրա: Այն հենվում է աննախադեպ ստուգման վրա»,- հավելել է նա:

 

«Վեցյակի» եվրոպական երկրների ԱԳ նախարարները զուսպ լավատեսությամբ են ընդունել Լոզանում կայացած բանակցությունների արդյունքները: Շվեյցարիայում ձեռք բերված համաձայնությունները հիմք են դնում Իրանի հետ հանրագումարային շատ լավ համաձայնագրի կնքման համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը: Նրա կարծիքով՝ բանակցությունների մասնակիցների բռնած դիրքը հեռանկարում թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից Մերձավոր Արեւելքում:

 

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Լոզանում կայացած հանդիպման արդյունքները համարել է «մեծ եւ վճռորոշ քայլ առաջ»: «Թեեւ ցնծության համար դեռ չափազանց վաղ է, համաձայնության հասնելով հիմնական կետերի շուրջ, մենք վերացրինք այն խոչընդոտները, որոնք տասնամյակներ շարունակ ծառացած էին համաձայնության հասնելու ճանապարհին»,- ասել է նա:

 

Ֆրանսիայից նրա պաշտոնակից Լորան Ֆաբիուսն արձանագրել է, որ առջեւում դեռ շատ աշխատանք կա: Նրա խոսքով՝ այժմ կողմերը թեւակոխել են «բանակցային գործընթացի նոր փուլ»: «Կփորձենք էլ ավելի առաջ շարժվել»,- հավելել է նախարարը:

 

Մինչդեռ Իսրայելի ղեկավարությունը չի շտապում բեկումնային համարել Լոզանում ձեռք բերված համաձայնությունները: Չօգնեց նաեւ նախագահ Օբամայի հերթական հեռախոսազրույցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: «Ցանկացած համաձայնագիր պետք է էապես փոքրացնի միջուկային ծրագրի հարցում իրանի հնարավորությունները եւ կանգնեցնի ահաբեկչությունն ու ագրեսիան Թեհրանի կողմից»,- ասել է Նաթանյահուն: