Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 09։15-ի սահմաններում Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Opel մակնիշի ավտոմեքենայի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 59-ամյա Գարեգին Դիվանյանի միջև, որի ժամանակ Opel-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած գազային ատրճանակով 2 անգամ կրակոցներ է արձակել Գ. Դիվանյանի ուղղությամբ, ով էլ դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել։
Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են Opel-ի վարորդի ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։