Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են Hyundai մակնիշի եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա. Բ.–ն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով դեպի Դիլիջան ընթանալիս բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է.Ս.–ի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 326 համարանիշի ավտոմեքենային։
Աղբյուրի փոխանցմամբ Hyundai-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ անօգնական թողնելով 07-ի վարորդին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Թերակղզում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Hyundai ավտոմեքենան և վարորդին: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: Նա իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հայտնաբերվել են միայն սոցքարտ և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր: Պարզվել է, որ Hyundai-ը շահագործվում է որպես տաքսի։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ամբողջական տվյալները։