Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը:

 

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ փոփոխվում է, սակայն պետք չէ վախենալ այդ փոփոխություններից, քանի որ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում: «Նրանք, ովքեր ունեն հստակ տեսլական, թե ինչ են անում, նրանք, ովքեր ներդաշնակության մեջ են ժամանակի հետ, կշահեն: Ինձ համար սա սպառնալիք չէ, սա հնարավորություն է հրաշալի աշխարհ կառուցելու, որտեղ պետք է ապրենք: Մարտահրավերներ նետող, բայց հետաքրքիր աշխարհ»,-ասել է Հանրապետության նախագահը:

 

Նա համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը հայերի դարն է: «Մենք համաշխարհային ազգ ենք, մենք կարող ենք փոխվել, ադապտացվել, մենք նորարար ենք»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ խիստ լավատեսական է տրամադրված ապագայի հանդեպ:

Պատասխանելով հեղափոխական էվոլյուցիայի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիաները փոխվում են և աշխարհը տարբեր է լինելու: «Ես համոզված եմ, որ ինչ-որ կերպ մենք կկարողանանք լուծումներ գտնել ներկայիս այն խնդիրների համար, որոնց առերեսվում ենք: Տարբեր երկրներ զարգանում են տարբեր արագությամբ, զարգացնում են տարբեր ճյուղեր: Եվ եթե կենտրոնանանք տեխնոլոգիական նոր սերնդի, արհեստական բանականության, մեծ տվյալների կառավարման, բիոտեխնոլոգիաների վրա, մի քանի տարի հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվել անորոշություններով լի աշխարհում»: