Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեցառավոտյան 8։30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Վարչապետի կոչին հետևելով ու անգամ եղանակային խիստ պայմանները հաշվի չառնելով՝ հանրությունը դուրս եկավ փողոց՝ խախտելով դատավորների ու դատարանների աշխատանքային անդորրը։
Վարչապետի կոչը հետևեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած վճռին, որով վերջինս որոշում կայացրեց փոխել խափանման միջոցը և ազատ արձակել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին։
Որոշման դեմ պայքարողները վարչապետի հայտարարած ակցիայի շրջանակում ոչ միայն թույլ չէին տալիս դատավորներին մուտք գործել և դուրս գալ դատարանների շենքից, այլև դատավորների անձնական տվյալները տարածել։
ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ դատարանների դիմաց հավաքվածները թղթային տարբերակով տարածել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի բնակության հասցեն ու անձնական հեռախոսահամարը, ինչի պատճառով դատավորը մտահոգված է իր ընտանիքի անվտանգության ու հնարավոր սպառնալիքի հետևանքներից։
Բացի այդ, դատավորի բնակության հասցեն ակտիվորեն տարածում էին նաև համացանցում։ Մասնավորապես, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազների ճեպազրույցի ժամանակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ուղիղ եթերում հրապարակել էր Դավիթ Գրիգորյանի հասցեն։