ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, որ իշխանությունները փորձում են հասնել ռեկտորի պաշտոնանկությանը: ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստում չէր հաջողվել հասնել ռեկտորի պաշտոնանկությանը: Պետք է նշել, որ Սիմոնյանը դիմացավ. դիմացավ բավական երկար և հեռացավ այսպես ասած՝ խաղի իր կանոններով՝ ԵՊՀ 100-ամյակը նշելով ռեկտորի պաշտոնում:
 
Սիմոնյանն այսպիսով ցույց տվեց, որ հեռանում է ոչ թե «Ռեստարտի» սորոսականների, հոգաբարձուների խորհրդի նախագահի, կամ առավել ևս՝ բացահայտումների պատճառով, քանի որ դրանք պարզապես չեղան, այլ հեռանում է իր կամքով՝ ինչ-որ տեղ իհարկե հասկանալով, որ իշխանությունները չեն դադարելու պահանջել ԲՈՒՀ-ի ռեկտորի հրաժարականը, իսկ դա իր հերթին պարալիզացնում է ԵՊՀ բնականոն աշխատանքները:
 
Սիմոնյանի հրաժարականից հետո արդիական է դառնում հարցը, թե ով ի վերջո կզբաղեցնի ռեկտորի պաշտոնը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից բացի, ակտիվորեն շրջանառվում է նաեւ ԿԳ նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի ԵՊՀ կանոնադրության՝ վաղուց մտադրված փոփոխությունը, ըստ որի, դոկտորի գիտական կոչման պարտադիր լինելու հանգամանքը, որը գործում է այսօր, վերանալու է, եւ գիտությունների թեկնածուի կոչումով հնարավոր կլինի զբաղեցնել ռեկտորի պաշտոնը: