ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, այսօր բավարարեց ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի քաղաքացի Լևոն Բարսեղյանի հայցադիմումը: Դատարանը ճանաչեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու /խաղաղ հավաքների ազատության/, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը: Դատարանը ոստիկանների գործողությունները ճանաչեց ոչ իրավաչափ: Դատարանի որոշմամբ' պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվեն 8000 դրամ կազմող դատական ծախսերը:

2011թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի օրը, Լևոն Բարսեղյանն ու մի խումբ քաղաքացիներ ցանկացել են երթ կազմակերպել դեպի Երևանի Հանրապետության հրապարակ՝ «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ» և այլ պաստառներով՝ վանկարկելով «ազատ, անկախ Հայաստան»: Հայցվորն ու մի խումբ քաղաքացիներ այսպիսով դժգոհություն են հայտնել զորահանդեսի ընթացքում օտար դրոշների՝ հրապարակ մուտքի դեմ՝ դա դիտելով որպես վտանգ Հայաստանի ինքնիշխանությանը: Երթը ոստիկանների կողմից ընդհատվել էր չսկսված՝ մեկնարկի վայրում՝ Սարյանի պուրակում: Պաստառները առգրավվել էին, իսկ Լևոն Բարսեղյանը վարչական ձերբակալության ենթարկվել, ապա վերանայվել էր վարչական ձերբակալության որոշումը. ոստիկանները բավարարվել էին բանավոր զրույցով, ապա նաև ցուցարարներին ոստիկանության բաժին «հրավիրելով»:

Դատաքննության ընթացքում հայցվոր Լևոն Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը փաստել էր, որ 2011թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի օրը, իր վստահորդը շուրջ երեք ժամ՝ մինչև զորահանդեսի ավարտը, գտնվել է ոստիկանության կենտրոնական բաժնում, ինչով խախտվել է Լևոն Բարսեղյանի' Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, երաշխավորված անձնական անձեռնմխելիության իրավունքը: Խախտվել են նաև Լևոն Բարսեղյանի ոչ զանգվածային հրապարակային բողոքի ակցիայի մյուս մասնակիցների հավաքների, խոսքի ու տեղեկատվության ազատության իրավունքները, և ոստիկանների միջամտությունն այդ իրավունքների իրացմանը եղել է ոչ իրավաչափ: Ավելին, ոստիկանության բաժնում պետք է համապատասխան արձանագրություն կազմվեր, ինչը չի արվել, ուստի' ոստիկանների միջամտությունը օրենքով նախատեսված չի եղել:

Ըստ Արտակ Զեյնալյանի' իր վստահորդին ու ևս մեկ քաղաքացու երկու կողմից թևանցուկ մեքենա նստեցնելն ու բաժին տանելն ինքնին բերման ենթարկելու գործողություն է. քաղաքացիները իրենց կամքին հակառակ են եղել ոստիկանության բաժնում: Ըստ հայցվորի ներկայացուցչի' գործում չկա որևէ փաստական հիմք, որը կհաստատեր նույն օրը ոստիկանության պաշտոնական կայք-էջում տեղադրված հաղորդագրության ճշմարտացիությունն առ այն, որ ոստիկանության բաժին «հրավիրվելը» նպատակ ուներ ճշտել քաղաքացիների անձնական տվյալները՝ քաղաքացիների, մասնավորապես' Լևոն Բարսեղյանի անձնական տվյալները քաջ հայտնի էին ոստիկաններին:

Հայցվորի ներկայացուցչի կարծիքով' հավաստի չեն ոստիկան վկաների ցուցմունքները. դրանք միմյանց հետ համաձայնեցված ցուցմունքներ են և հակասում են գործի օբյեկտիվ ապացույցներին, մասնավորապես' ակցիայի մասին պատմող ԶԼՄ-ների տեսագրություններին: Լ.Բարսեղյանը փաստել էր նաև, որ ոստիկանները սուտ են խոսում՝ պնդելով, որ ոստիկանությունում իրենք զրույցի են բռնվել ոստիկանների հետ, սրճել ու ծխել, հակառակը՝ ինքը հրաժարվել է զրույցից, բժշկի խորհրդով 4 տարի է, ինչ սուրճ չի խմում և ընդհանրապես չի ծխում:

Պատասխանողի ներկայացուցիչը փորձել էր հակադարձել՝ նշելով, որ խոսքի ու տեղաշարժի ազատությունը բացարձակ իրավունքներ չեն և կարող են սահմանափակվել' հանրային շահի ու հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով: Իսկ հայցվոր Լ.Բարսեղյանին մեքենա նստեցնելը տարածքից հեռացնելու դասական օրինակ է:

Հեղինակ:
«Փաստինֆո»