Այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում ընթանում է «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում բաց նիստը»։ Նիստին զուգահեռ Աժ բակում մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Անի Կարապետյանն ասաց, որ այլևս հանդուրժելի չեն այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում։ Ակցիան իրականացվում է ընդդեմ անցումային արդարադատության և Սորոսի հիմնադրամի։
««Սորոս»-ի հիմնադրամը ազգակործան հիմնադրամ է և վնասում է մեր պետության հիմքերը։ Այսօր անցումային արդարադատության լսումներ են անցկացվում, որոնց մասնակցում է նաև հիմնադրամի ղեկավար Լարիսան, ինչն անթույլատրելի եմ համարում, քանի որ սա փորձ է մեր երկիրը հիմնահատակ ավիրելու»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իշխանության քայլերից է կախված իրենց հետագա գործունեությունը։ Ակցիայի մասնակիցները դեմ են և՛ անցումային արդարադատությանը, և՛ Սորոսի հիմնադրամի ողջ գործընթացին։ Նրանք առաջնային են համարում, որ Հայաստանում այդ հիմնադրամը փակվի։
«Այս պահին մեր պահանջը այն է, որ անցումային արդարադատությունը չանցնի և շարունակի գործել այն արդարադատությունը, որն այս պահին կա»,- եզրափակեց Կարապետյանը։ Ակցիայի մասնակիցների մի մասն օրեր առաջ մասնակցում էր՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիային։