«Հերքում եմ, թե երեկ խմբակցությունում մենք քննարկել ենք Արտակ Զեյնալյանի հետ կապված հարցը։ Ո՛չ, նման բան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Պատգամավորը նշեց, որ չի կարող ասել, թե ինչն է դրդապատճառը հրաժարական ներկայացնելու։ Նրա խոսքով՝ բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ միայն Զեյնալյանը։ Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցությունը գո՞հ էր Արտակ Զեյնալյանի աշխատանքից, Մակունցը պատասխանեց. «Արդարադատության և պարոն Զեյնալյանի հետ կապված, խմբակցությունում որոշակի մտավախություններ և անհանգստություններ հնչել են՝ առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում փոփոխությունների հետ կապված»։
Հարցին, թե արդյո՞ք իրենց մտավախութունների մասին խմբակցությունը տեղյակ է պահել կառավարությանը, Մակունցը պատասխանեց՝ ոչ։ Նրա խոսքով՝ այդ մտավախությունների վերաբերյալ խոսվել է խմբակցության նիստերից մեկի ժամանակ։
«Ոչ թե քննարկել ենք, այլ հնչել է մտավախություն։ Հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիաներից հետո, որը իրականացվել էր ՀՀ քաղաքացիների կողմից։ Հատկապես այդ համատեքստում էին մտահոգությունները»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Մակունցը շեշտեց նաև, որ մտավախությունները հրաժարականի կոչի չեն վերածվել։