Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.

«Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը իմ վերաբերյալ բացարձակ սուտ տեղեկություն էր հրապարակել՝ պնդելով, թե ինչ-որ խոշոր հողատարածք եմ ձեռք բերել աստղաբաշխական գումարով:

Հայտարարում եմ, որ դա ամբողջապես զրպարտություն ու հերյուրանք է, և ես ո՛չ նման տարածք եմ ձեռք բերել, ո՛չ էլ երբևէ տիրապետել եմ իմ օրինական եկամուտներից բացի այլ գումարների:

Չգիտեմ, թե ինչ աղբյուրներից ու ինչ դրդապատճառներով է այս զրպարտությունը հրապարակվել, սակայն բոլոր իրավապահ մարմիններն ազատ են ստուգելու իմ ու ընտանիքիս գործունեությունն ու եկամուտները՝ օրորոցից առ այսօր:

Ես այն անձանցից եմ, որ իմ աշխատավարձից գոյացած շատ քիչ խնայողությամբ եմ տեղահանվել Արցախից, իսկ հիմա էլ աշխատում եմ, որպեսզի կարողանամ սեփական քրտինքով ու մաքուր խղճով պահել ընտանիքս և մեկ օր հիպոտեկային վարկով տուն գնել՝ ընտանիքիս նվազագույն կարիքները բավարարելու համար: Դեռ դրան զուգահեռ էլ հնարավորինս անում եմ իմ ժողովրդին դույզն ինչ օգտակար լինելու համար՝ չնայած իմ հանդեպ կեղտոտ արշավներին ու ճնշումներին:

Իմ մաքուր խիղճը, կյանքի սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ տեսակի գայթակղություն և որևէ չափի նյութական միջոց:

Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին...»։