Այսօր «արցախցիների բնակարանային խնդիրները» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր խոսքում մանրամասն անդրադարձել է պետության կողմից բնակարանների համար տրամադրվող գումարի չափի խնդրին․
«Իրենց կողմից հիմնավորումն այն է, որ նախորդ տարիներին կադաստրում գրանցված առուվաճառքի 1 քմ-ի միջին գինը 200 հազարից ավելին չէ, և իրենք հաշվարկել են, որ մեկ անձի համար 15 քմ-ը բավարար է․ 200 հազարը բազմապատկել են 15-ով՝ ստացել են 3 միլիոն դրամ։
Մենք ուղղակի առաջարկել ենք, ասում ենք՝ ուսումնասիրեք շուկան, մտեք առցանց հարթակներ և նայեք գինը այլ համայնքներում։ Ինքս ուսումնասիրել եմ և տների միջին գինը մարզային համայնքներում՝ ոչ սահմանամերձ, Երևանից տասնյակ կիլոմետրեր հեռու, 320-500 հազար դրամ են։
Սա ամենասկզբունքային խնդիրն է, նախ՝ շուկայական գների իրականությունը հաշվի չեն առել, երկրորդը՝ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների կարծիքը բավարար չափով հաշվի չեն առել»,- խնդրի մասին նման մտահոգություններով հանդես եկավ Բեգլարյանը։