System of a Down խմբի երգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Երեւանում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված Valmont եւ Monsanto ընկերությունների շնորհանդեսին:
«Monsanto-ն թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մեծապես նպաստելով մեղուների ոչնչացմանը:
Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները օրգանիկ սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Monsanto հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր վարվելակերպի համար:
Երբ ես Հայաստան եմ այցելում եւ այնտեղ խնձոր եմ ուտում, այն իրական է, խռթխռթան եւ համեղ, քանի որ հանդիսանում է հազարավոր տարիների գյուղատնտեսական աշխատանքի արգասիք: Թող ամեն ինչ այդպես էլ մնա: Monsanto-ի «շնորհիվ» ես ԱՄՆ-ում նման խնձոր չեմ կարող գտնել: Խնդրում եմ տարածել այս գրառումս»,-գրել է նա:
Նշենք, որ ԱՊՀ-ում Monsanto-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվյագինցեւը միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ ընկերությունը Հայաստանում գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք չի զարգացնելու: