«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններից մեկը վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս քայլով ընդլայնվել է մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնությունը և արտահիվանդանոցային ձևով իրականացվող առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում' այն բժշկական կազմակերպություններում, որոնց հետ կնքված է պետական պատվերի պայմանագիր:
Միևնույն ժամանակ, ընդլայնվել է ոչ միայն երեխաների տարիքային խումբը' մինչև 7-ից դառնալով մինչև 18 տարեկան, այլև բուժօգնության տեսակները' ներառելով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հիվանդանոցային բժշկական առանձին ծառայություններ, որոնք մինչ այդ վերը նշված խմբերին իրականացվում էին վճարովի հիմունքներով: Մասնավորապես, գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, սրտի և աորտայի ներանոթային և բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները, երիկամային քարերի փշրումը ( լիթոտրիպսիան) և այլն։
Հարկ է նշել, որ ներկայիս փոփոխությունները չեն վերաբերում ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններին և մասնագիտական բժշկական կենտրոններում'(հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունների և խորհրդատվությունների վրա: Վերջիններս շարունակում են գործել մինչև 7 տարեկան, ինչպես նաև 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար:
Պետական պատվերի շրջանակներում մինչև 18 տարեկան երեխաների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունը, արտահիվանդանոցային ձևով իրականացվող հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և մասնագիտական բժշկական կենտրոններում' (հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունները և խորհրդատվությունները իրականացվում են երեխաներին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։
Քաղաքացիները երեխաների բժշկական օգնության և սպասարկման մասին բողոքների, հարցերի, պարզաբանումների և տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ (060) 80 80 02, (010) 65 47 11, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ»՝ (010) 52 88 72 կամ 8003 հեռախոսահամարներով: