Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ, Արտանիշ, Լճափ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-9-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում կամ առանձին լրատվամիջոցներում տրվել էին տարատեսակ մեկնաբանություններ:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում, 3-ը՝ Լճափում: «Մենք արդեն ստացել ենք լաբորատոր հետազոտությունների պատասխանները, համաձայն որոնց՝ խոշոր եղջերավորների անկումը կապ չունի թունավորման հետ, առավել ևս՝ Սևանա լճի ջրի: Այն եղել է առվույտի առաջացրած փքվածության արդյունք»,- նշեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:
ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը ևս հաստատեց անկման հասած խոշոր եղջերավորների քանակը և հիմնական պատճառը: «Լաբորատոր փորձաքննության արդյունքներով Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր, Արտանիշ և Լճափ համայնքներում անկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում որևէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիներն փքվածություն են ունեցել: Այնպես որ, անասունների անկումները ոչ մի կապ չունեն ջրային թունավորումների հետ, դրանք հետևանք են առվույտի առաջացրած փքվածության, որոնք տեղի են ունենում ոչ միայն Սևանա լճին հարակից տարածքներում, այլ նաև հեռագնա արոտներում, որտեղ կան առվույտի դաշտեր: Ի դեպ, փքվածություն նկատվել է շատ անասունների մոտ, որոնցից մեծ մասին անասնաբույժներին հաջողվել է փրկել: Իսկ ավելի անհուսալի վիճակում գտնվողներին ենթարկել են հարկադիր մորթի, որոնց մսի օգտագործումը միանգամայն անվնաս է, թույլատրելի»,- հավաստեց Արշակ Էլիզբարյանը: