Երեկ՝ հուլիսի 15–ին, Վայոց Ձորի Խաչիկ գյուղում հրդեհ է բռնկվել։
Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը ԼՈՒՐԵՐ.com–ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։
«Երեկ իրենց կողմից հրդեհը գալիս էր դեպի մեր վարելահողերը, մենք կանխել ենք հրդեհի տարածումը: Անգամ անցել ենք իրենց տարածք և իրենց մոտից էլ ենք մարել կրակը: Մեր կողմից մոտավորապես 2 ՀԱ է այրվել, բայց իրենց այրված տարածքն ավելի մեծ է»,- ասաց Սմբատյանը:
Վարչական ղեկավարը նշեց, որ այս պահին էլ կարծես թե հրդեհը կրկին տարածվում է: Սմբատյանը նշեց, որ ամեն վայրկյան կա ռիսկի գործոն: